Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Ջո Բայդենի առաջադրած թեկնածուն ամենայն հավանականությամբ, հիասթափություն կամ նույնիսկ վիրավորանք կլինի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի համար, գրում է Insider-ը՝ վկայակոչելով ամերիկացի նախկին պաշտոնյային

Բայդենն այդ պաշտոնում առաջադրել է Մայքլ Ռեթնիին այն բանից հետո, երբ անցյալ տարի Ռիադից հեռացավ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար, գեներալ Ջոն Աբիզեյդը:

Առաջադրումը տեղի է ունենում ամերիկա-սաուդյան հարաբերությունների ամենաթեժ պահին, երբ Բայդենը ակնհայտորեն հեռավորություն է պահում այդ երկրի հետ, իսկ թագաժառանգ արքայազն Մուհամմեդը, որը նաեւ հայտնի է որպես ՄԲՍ, ի պատասխան, փորձում է պատժել նրան:

Դեւիդ Շենկերը, որը պետքարտուղարի Մերձավոր Արեւելքի հարցերով օգնականն է եղել 2019 թվականից մինչեւ 2021 թվականի հունվարը, Insider-ին ասել է. «Նա (Ռեթնին) շատ ընդունակ դիվանագետ է, նա կարեւոր պաշտոններ է զբաղեցրել, իրեն լավ է դրսեւորել եւ հարգանք է վայելում։ Բայց մենք շատ ցնցումներ ենք տեսել ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերություններում, եւ դա չի օգնի»:

Պատմականորեն այնպես է ստացվել, Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանների մեծ մասը, ինչպես Աբիզեյդը, եղել են քաղաքական դեմքեր՝ խորը ռազմական կապերով:

Մյուս նախկին դեսպանների թվում են ԱՄՆ բանակի նախկին փոխքարտուղար Ջոզեֆ Վեստֆալը եւ զենք արտադրող Raytheon-ի նախկին ղեկավար Ջեյմս Սմիթը:

Բայց հարգված, արաբերեն խոսող Ռեթնին առաջին դիվանագետն է, որը կզբաղեցնի այդ պաշտոնը Չարլզ Ֆրիմանից հետո՝ 1989 թ.։

Ուստի Սաուդյան Արաբիան կարող է վիրավորված լինել Ռեթնիի նշանակումից, ասել է Շենկերը։ Երկու երկրների հարաբերությունների հիմնական սկզբունքը Սաուդյան Արաբիայի անվտանգության ԱՄՆ երաշխիքն էր։ ԱՄՆ-ը Ռիադում մեծ ռազմաբազա է պահում եւ տարեկան միլիոնավոր դոլարների զենք է վաճառում սաուդցիներին։ Ռեթնիի ընտրությունը կարող է ցույց տալ Էր Ռիադին, որ Բայդենն այնքան մտահոգված չէ Սաուդյան Արաբիայի անվտանգությամբ, որքան իր նախորդները:

Շենկերը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի պաշտոնը հաճախ զբաղեցրել են այնպիսի առաջատար դեմքեր, ինչպիսիք են Խալիդ բեն Սալմանը՝ ՄԲՍ-ի եղբայրը եւ արքայադուստր, ներկայիս դեսպան Ռիմա բինթ Բանդարը՝ ՄԲՍ-ի զարմիկը: Շենկերի խոսքով՝ Էր-Ռիադը դրա դիմաց նույնպիսի մակարդակ է ակնկալում։

«Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանը արքայադուստր է։ Նրանք այս (թեկնածուի) մեջ հարաբերությունների վատթարացում կտեսնեն»,- ասել է նա։ «Նրանք այդ համատեքստում կհասկանան»։