Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն Թեհրան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը պատրաստ է Իրանի հետ միասին դիմակայել մարտահրավերներին եւ վտանգներին, սատարել կայունությանն աշխարհում, հինգշաբթի հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Մենք պատրաստ ենք փոխգործակցել Իրանի հետ, որպեսզի միավորված ջանքերի ճանապարհով արձագանքենք մարտահրավերներին եւ ամեն տեսակ վտանգներին, պաշտպանենք երկկողմ շահերը, միասին ապահովենք տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունը, ինչպես նաեւ կայունությունը»,- ընդգծել է Վեյ Ֆենհեն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ։
Վեյ Ֆենհեի խոսքով՝ Չինաստանը «վճռականորեն սատարում է Իրանի պետական ինքնիշխանությանն ու ազգային արժանապատվության պահպանմանը»։ Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը հաջող է զարգանում։
«Չինաստանի Զինված ուժերը պատրաստ են ռազմավարական երկխոսություն վարել իրանական կողմի հետ, ակտիվորեն օգտագործել փոխգործակցության մեխանիզմները, զարգացնել գործնական համագործակցությունը, աջակցել մեր երկկողմ միջբանակային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը»,- ավելացրել է Վեյ Ֆենհեն։





























