Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո հայկական սփյուռքը պետք է միասնականորեն ոտքի կանգնի, գտնում է քաղաքագիտական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը: Նրա կարծիքով, սփյուռքը պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած ցանկացած միջոց, այդ թվում` լոբբինգը: «Դա պետք է անեին սփյուռքի բոլոր կենտրոնները` Արգենտինայից մինչեւ Հնդկաստան»,-հայտարարել է Շիրինյանը:

Հիշեցնենք, որ Բաքու կատարած վերջին այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտատարել է, որ Սերժ Սարգսյանը պետք է ներողություն խնդրի Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ արված հայտատարության վերաբերյալ: Հայ դպրոցականներից մեկի հարցին պատասխանելով` Սերժ Սարգսյանը նշել է, որ իր սերունդը կարողացել է պահպանել Ղարաբաղը, իսկ յուրաքանչյուր սերունդ իր պարտավորություններն ունի: «Սերժ Սարգսյանի այդ խաղաղ, մարդասիրական հայտարարությունը` վերագրված հեռավոր ապագային, առաջացրել է Էրդողանի ագրեսիվ արձագանքը: Հայաստանը ավելի կոշտ պետք է արձագանքի Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, քանզի դա, ինչպես պատմությունն է ապացուցել, միակ միջոցն է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է Շիրինյանը:

Նրա խոսքով, Անկարայի նմանօրինակ ագրեսիվ դիրքորոշումը պետք է թագազրկի «քաղաքակրթված թուրք դիվանագետի»  կերպարը, որը 15-20 տարի առաջ` դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում, գոյություն է ունեցել հայ քաղաքագիտական հասարակությունում: