Շվեդիան եւ Ֆինլանդիան կարող են խորացնել ռազմական համագործակցությունը, եթե անվտանգության հետ կապված իրավիճակը Բալթիկ ծովի տարածաշրջանում վատթարանա, օրինակ՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հնարավոր հայտ ներկայացնելու գործընթացով, ուրբաթ հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկա Հավիստոն՝ շվեդ գործընկերոջ հետ հանդիպման ավարտին, փոխանցում է Reuters-ը:

«Եթե մեր անվտանգության պայմաններն առավել բարդանան, իհարկե, մենք կարող ենք երկկողմ ծրագիր կազմել… եւ այն ներառելու է ռազմական համագործակցության բոլոր հատվածները»,- ասել է Հավիստոն:

Ուկրաինայի շուրջ տիրող ներկայիս իրավիճակը ստիպել է ե՛ւ Շվեդիային, ե՛ւ Ֆինլանդիային վերանայել նախկին համոզմունքներն այն մասին, որ ռազմական չեզոքությունն ազգային անվտանգության ապահովման լավագույն միջոցն է: Սպասվում է, որ երկու երկիրն էլ առաջիկայում որոշում կկայացնեն ռազմական դաշինքի կազմ մտնելու մասին:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն, ելույթ ունենալով Հելսինկիում Հավիստոյի հետ հանդիպման ավարտին, հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերին Ռուսաստանը երկու միջոցով է արձագանքում՝ նախազգուշացնելով հետեւանքների մասին եւ նվազեցնելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների քանակության նշանակությունը»: