«Ընդդիմադիրների պահանջներն ու առաջարկները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ այլ էին, սակայն հիմա նրանք մեծամասամբ համաձայն են երկկողմ հարաբերությունների ստեղծմանը»,- այս մասին հոկտեմբերի 21-ին «Դուպլեքս» ակումբում հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է Դաշնակցություն կուսակցության իշխանական ծրագիր լինելու հանգամանքին, ապա նրա խոսքով, այդ խոսակցությունները բխում են նրանից, որ Դաշնակցության կողմից արծարծվող խնդիրները իշխանական թեւը դրական է գնահատում։

«Դաշնակցությունը թուրքերի հետ հարաբերություններ ստեղծելու մեծ փորձ ունի, այդ պատճառով էլ նրանց վերապահումները մեծ են։ Նրանք իշխանություններին հորդորում են, որ զգույշ լինեն, քանի որ թուրքերը միշտ խաբում են»,- ընդգծեց փոխնախագահը՝ հայտարարելով, որ ինքը չի կարծում, թե թուրքերը այսօր նույն ձեւ կվարվեն եւ կխաբեն, քանի որ նրանց համար այսօր շահերի տարբեր առանցքներ կան։ «Թուրքիան չի գալիս մեզ խաբելու եւ հայությունն էլ այն վիճակում չէ, որ խաբեն, մենք մեծ Սփյուռք ունենք, որը մեզ բավականին աջակցություն է ցուցաբերում եւ առանց Սփյուռքի՝ մեզ վրա ճնշումներ իրոք կգործադրվեին»: