Առաջիկա օրերին Եվրամիությունն ավելի մանրամասն ուղեցույց կտրամադրի այն մասին, թե ընկերություններն ինչ կարող են եւ ինչ չեն կարող անել գազի դիմաց ռուբլով վճարելու ռուսական պահանջների բավարարման համար՝ ԵՄ պատժամիջոցների կանոնների համաձայն: Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը, փոխանցում է Bloomberg-ը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է հստակություն մտցնի. «Գազպրոմբանկ»-ում եվրոյով եւ ռուբլով հաշիվներ բացելու Ռուսաստանի պահանջը «պատժամիջոցների խախտում է եւ չի կարող ընդունվել»:
«Կոնվերտացման մեխանիզմի միջոցով ռուբլով վճարումը, որը կառավարվում է ՌԴ պետական մարմինների կողմից, եւ երկրորդ հաշիվը «Գազպրոմբանկ»-ում պատժամիջոցների խախտում է եւ չի կարող ընդունվել»,- հայտարարել է նա:
ԵՄ էներգետիկայի նախարարները երկուշաբթի հանդիպել են Բրյուսելում՝ Ռուսաստանի պահանջները քննարկելու համար այն բանից հետո, երբ Մոսկվան անցյալ շաբաթ դադարեցրեց գազի մատակարարումը Լեհաստանին եւ Բուլղարիային՝ նոր պահանջները կատարելուց հրաժարվելու պատճառով: Սիմսոնն այս որոշումն «առկա պայմանագրերի չարդարացված խախտում» է անվանել եւ ասել է, որ այն պետք է որպես «նախազգուշացում դիտվի առ այն, որ ցանկացած անդամ պետություն կարող է հաջորդը լինել»:
Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Բարբարա Պոմպիլին ասել է, որ բոլոր անդամ երկրները հայտարարել են, որ հավատարիմ կլինեն գազի համար վճարման ԵՄ սկզբունքներին: Հունգարիան, որը մեծապես կախված է ռուսական էներգիայից, ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է վճարել ռուբլով՝ անխափան մատակարարումներ ապահովելու համար:




























