Խորենացի փողոցում գտնվող ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի որդին` Արտյոմը, որ 2009-ի փետրվարին Երեւանում տեղի ունեցած ծեծկռտուքից ու կրակոցներից հետո ազատազրկման էր դատապարտվել, ազատ է արձակվել: Ըստ լուրերի, այդ առթիվ նրա հայրը «Լամբորջինի» է գնել:
Թերթի թղթակիցը զանգահարել է Վաղարշ Աբրահամյանին:
Պարոն Աբրահամյան, մենք տեղեկություն ստացանք, որ ձեր որդու ազատ արձակվելու առթիվ դուք նրան «Լամբորջինի» մեքենա եք նվիրել, բայց այդ մեքենան բերելիս շրջվել է ու լրիվ վնասվել:
Այո:
Դա ե՞րբ է եղել:
Ուրեմն, ես նրա որդին եմ, դուք Վաղարշի հետ չեք խոսում, նրա մեծ տղան Հայաստանում չէ, ես նրա փոքր տղան եմ` Արթուրը, ու ես ձեր այս ամեն ինչին տիրապետում եմ, այսինքն, որ թերթում ուզում եք մեր չհաջողությունների մասին գրեք: Ձեզ խորհուրդ կտամ մեզանից նման տեղեկություններ չստանաք: Մարդ մեքենա է առնում, դրա հետ վատ դեպք է պատահում ու դրա մասին զանգել եք, մեզնից տեղեկություն եք ուզում իմանալ: Այդ դեպքի առթիվ իմ առողջականն է վնասվել: Կարծում եմ, տենց բան չեն զանգում, պարոն Աբրահամյանից ճշտում:




























