Հանգստի կարիք ունեն բոլորը` գրասենյակային, ծառայությունների, շինարարության ոլորտների աշխատողները, գիտնականները, մարզիկները, պետական ծառայողները եւ այլն: Նույնը վերաբերում է քաղաքական գործիչներին եւ պատգամավորներին, իսկ հայկական շոգ օգոստոսն արձակուրդի ամինաիսկական ժամանակն է:
NEWS.am-ը որոշել է փոքրիկ հարցախույզ անցկացնել` պարզելու արդյոք հայ քաղաքական գործիչները պատրաստվում են հանգստանել, եւ եթե այո, ապա ինչպես: Արդյունքներն այնքան էլ տպավորիչ չեն. մեծ մասը վստահեցնում է, որ այնքան է նվիրված աշխատանքին, որ հանգստի կարիք չունի:
Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, օրինակ, հիմա հանգստի մեջ է: Նա չափազանց սակավախոս էր: «Ես ինձ լավ եմ զգում Երեւանում»,-ասաց նա` հայտարարելով, որ որեւէ տեղ մեկնել չի պատրաստվում: Իր հանգստի մասին մանրամասներով Կարապետյանը չկիսվեց: «Ես քեզ չեմ կարող պատմել, ինչ եմ ուտում եւ ուր եմ գնում»,-զայրացավ քաղաքական գործիչը` ընդգծելով, որ իր մոտ «ամեն ինչ նորմալ է»:
«Ժառանգություն» խորհրդրանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ այս տարի իրեն չի հաջողվի արձակուրդ վերցնել: «Ես նախապես գիտեի դա: Ուղղակի հիմա հարցեր են ծագել, որոնք լուծում են պահանջում եւ հետաձգում չեն հանդուրժում: Տարբեր հասարակական խմբերի մոտ տարբեր խնդիրներ են առաջացել, որոնք ինձ ստիպում են գնալ խորհրդարան եւ հանդիպումներ անցկացնել ու պատասխանել նամակներին» ,-ասաց նա:
Իսկ ահա « Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օգոստոսի 5-ին, կուսակից Գոհար Ենոքյանի հետ, մեկնում է Բուլղարիա: «Մենք մեր հանգիստը կանցկացնենք Վառնայի հանգստյան տներում»,-նշեց նա:
Հարցին, թե ինչու է ընտրությունը կանգնել հենց Բուլղարիայի վրա եւ ինչու նա չի նախընտրում հանգստանալ Հայաստանում, Զոհրաբյանը պատասխանեց. «Նախ` ինձ համար հանգիստը հնարավոր է միայն ծովում, երկրորդը` ես բավականաչափ հարուստ չեմ Հայաստանում հանգստանալու համար»: Նաիրա Զոհրաբյանի հանգիստը կտեւի 8 օր:
Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Մկրտիչ Մինասյանն արդեն արձակուրդում է եւ գտնվում է Կիսլովոդսկի առողջարանում: «Ես ամեն տարի գալիս եմ այստեղ բուժվելու: Իսկ արձակուրդը հիմնականում անցկացնում եմ Երեւանի մերձակա ամառանոցում` ընտանիքիս հետ»,-նշեց Մինասյանը:
Պատգամավորն ասաց, որ կուզենար, որ Երեւանում էլ լիներ այնպիսի մաքուր օդ, գեղեցիկ, խնամված ծառուղիներ, լռություն եւ հանգիստ, ինչպես Կիսլովոդսկում: «Հրաշալի կլիներ»,-անկեղծացավ նա:
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ի տարբերություն մյուսների, ցանկանում է մեկնել հանգստի, բայց ոչ ամռանը: «Գործերը շատ են, հիմա չեմ կարող», - կարճ ասաց նա: Նրա խոսքով` արձակուրդի վերաբերյալ կոնկրետ ծրագրեր չունի, բայց մոտավորապես դա կլինի աշնանը:
Հարցին, թե որտեղ է նախընտրում հանգստանալ` Հայաստանում, թե արտերկրում, Մանոյանն ասաց, որ տարբեր է լինում. «ամեն ինչ կախված է հնարավորություններից»:




























