ԱՄՆ-ը դադարեցնում է ուկրաինական պողպատի ներմուծման 25 տոկոս հարկերի գործողությունը՝ ի նշան երկրի տնտեսությանն աջակցության, հայտնում է AP-ն։

Առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ կվերացնի սակագները մեկ տարով: «Մենք չենք կարող պարզապես հիանալ ուկրաինացի ժողովրդի տոկունությամբ եւ ոգով, մենք պետք է պահենք նրա թիկունքը եւ աջակցենք Ուկրաինայի տնտեսական բարեկեցության համար ամենակարեւոր ճյուղերից մեկին»,- ասել է առեւտրի նախարար Ջինա Մ. Ռայմոնդոն:

Պողպատի մաքսատուրքերը մտցվել են 2018 թվականին՝ Թրամփի վարչակազմի կողմից, որն արտասահմանյան պողպատը սպառնալիք է անվանել ԱՄՆ ազգային անվտանգության համար։

Ջո Բայդենի վարչակազմը հանել է Եվրամիությունից, Մեծ Բրիտանիայից եւ Ճապոնիայից պողպատի մաքսատուրքերի մեծ մասը՝ թույլ տալով նրանց մետաղների անմաքս մուտքը քվոտայի սահմաններում: Այդպիսի քվոտա ուկրաինական ներմուծման վրա չի տարածվում։