Եվրահանձնաժողովը նոր կանոններ է պատրաստում, որոնք եվրոպական կառավարությունների համար կհեշտացնեն ռուս ձեռնարկատերերի ակտիվների բռնագրավումը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնյաներին եւ փաստաթղթերին։
Օրենսդրական առաջարկը, որը պետք է հրապարակվի մայիսի 25-ին՝ Եվրահանձնաժողովի ժամանակավոր օրակարգի համաձայն, կստեղծի միասնական իրավական դաշտ՝ պատժելու այն մարդկանց, ովքեր խուսափում կամ խախտում են ԵՄ պատժամիջոցները։
«Մենք աշխատում ենք եվրոպական գործիքի վրա, որը հնարավորություն կտա ԵՄ բոլոր երկրներում բռնագրավել գույքը պատժամիջոցների տակ գտնվող անձանցից»,- ասել է արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը՝ հավելելով, որ վերջնական նպատակը այդ բռնագրավումներից ստացված եկամուտները վերաբաշխելն է հօգուտ Ուկրաինայի։
Ռեյնդերսը նշել է, որ նոր իրավական գործիքը պատժամիջոցների խախտումը կամ շրջանցելու փորձը կդարձնի քրեական հանցագործություն ողջ ԵՄ-ում: Նրա խոսքով՝ այն կարող է ուղղված լինել, օրինակ, այն մարդկանց, որոնք փորձում են իրենց ակտիվները փոխանցել ընտանիքի անդամներին՝ դրանք պատժամիջոցներից պաշտպանելու համար:
Ռուս շատ գործարարների ակտիվները ներկայումս դժվար է առգրավել կամ նույնիսկ սառեցնել, քանի որ դրանք գրանցված են ընտանիքի անդամների կամ այլ անձանց անունով
ԵՄ-ն համաձայնել է սառեցնել հարյուրավոր ռուսաստանցի գործարարների եւ պաշտոնյաների ակտիվները ուկրաինական ճգնաժամի սկզբից, սակայն այս որոշման իրականացումը բախվում է իրավական սահմանափակումների եւ դժվարությունների՝ ակտիվների, ինչպիսիք են անշարժ գույքը, զբոսանավերը կամ բանկային հաշիվները, իրական սեփականատերերին բացահայտելու առումով։
Ներկայումս ԵՄ պատժամիջոցները թույլ են տալիս սառեցնել միայն սեւ ցուցակում հայտնված անձանց եւ ընկերությունների ակտիվները: Սա ԵՄ որոշ երկրներում դեռ թույլ է տալիս սեփականատերերին շարունակել օգտագործել իրենց ակտիվները:
Առաջարկը, որը դեռ պատրաստման փուլում է եւ նախատեսվածից ավելի ուշ կարող է հրապարակվել, կլինի առաջին քայլը երկար գործընթացում, որի արդյունքը պարզ չէ, քանի որ այն պահանջում է ԵՄ բոլոր կառավարությունների աջակցությունը, որոնք ավանդաբար զգուշանում են արդարադատության համակարգի բարեփոխումներից, որոնք իրենց իրավական համակարգերը փոխելու կարիք ունեն։
Գույքի բռնագրավումը հնարավոր է միայն հանցագործության կասկածների կամ նշանների առկայության դեպքում։ ԵՄ որոշ երկրներում, ըստ Ռեյնդերսի, պատժամիջոցները խախտելու հասարակ փորձը քրեական հանցագործություն է եւ, հետեւաբար, իշխանություններին հաճախ թույլ է տալիս արագ բռնագրավել սառեցված ակտիվները:
Բայց շատ այլ պետություններում դա այդպես չէ: Հետեւաբար, բռնագրավումներ շատ հազվադեպ են տեղի ունենում եւ պահանջում են երկարատեւ հետաքննություններ:
ԵՄ որոշ կառավարություններ, հատկապես Արեւելյան Եվրոպայում, կոչ են արել յուրացնել ակտիվները, որպեսզի դրանք հնարավոր լինի նորից օգտագործել պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար սպասվող հսկայական ծախսերը հոգալու համար:





























