Դանիայի դատախազությունը հայտարարել է, որ կպահանջի պաշտպանության նախկին նախարարին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, որպեսզի նա մեղադրվի «հույժ գաղտնի տեղեկատվությունը» անօրինական կերպով հրապարակելու մեջ, հայտնում է AP-ն։
Հանրային դատախազության տնօրենի գրասենյակը հայտարարել է, որ կկապվի դանիական խորհրդարանի հետ (Folketing)՝ Կլաուս Հյորտ Ֆրեդերիկսենի անձեռնմխելիության հարցով: Նա երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի նոյեմբերից մինչեւ 2019 թվականի հունիսը։
Դանիայի արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Հյորտ Ֆրեդերիկսենին առաջադրված մեղադրանքի մանրամասները չեն կարող ներկայացվել գաղտնի տեղեկությունների հետ կապված «գործի հատուկ բնույթի» պատճառով:
2005 թվականից պատգամավոր եւ Դանիայի ընդդիմադիր Լիբերալ կուսակցության բարձրաստիճան անդամ Հյորտ Ֆրեդերիկսենին սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում, եթե մեղավոր ճանաչվի խիստ գաղտնի տեղեկատվության չարտոնված հրապարակման համար:
Դանիական լրատվամիջոցները ենթադրում են, որ գործը կարող է կապված լինել այն պնդումների հետ, որ Դանիայի արտաքին գաղտնի ծառայություններն օգնել են Միացյալ Նահանգներին լրտեսել եվրոպացի առաջնորդներին, այդ թվում՝ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին:
Դեկտեմբերին տված հեռուստատեսային հարցազրույցում Հյորտ Ֆրեդերիկսենը խոսել էր 1990-ականների վերջին ԱՄՆ-ի եւ Դանիայի միջեւ կնքված գաղտնի գործարքի մասին՝ գաղտնալսումների հետ կապված:
«Ես ռիսկի եմ դիմում ազատազրկման… Ես տեղեկացրել եմ (դանիացի պաշտոնյաներին), որ նման համաձայնագիր գոյություն ունի»,- ասել էր նա: Գործարքը դանիական հետախուզական հանրությանը տվել է «շատ օգտակար տեղեկատվություն» եւ ԱՄՆ-ի «վստահելի գործընկերոջ» կարգավիճակ, ասել էր Ֆրեդերիկսենը։
Դանիական DR հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Դանիայի ռազմական հետախուզական ծառայությունը, որը հայտնի է որպես FE, ներքին հետաքննություն է անցկացրել 2014 թվականին՝ պարզելու, թե արդյոք ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը օգտագործել է իր համագործակցությունը դանիացիների հետ՝ Դանիայի եւ հարեւան երկրներին լրտեսելու համար:
Հետաքննությունը, որը ստացել է Dunhammer Operation ծածկանունը, եզրակացրել է, որ ԱԱԳ-ն գաղտնալսել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի եւ Նորվեգիայի քաղաքական առաջնորդներին եւ պաշտոնյաներին:
74-ամյա Հյորտ Ֆրեդերիկսենը պաշտպանության նախարար է եղել 2016 թվականի նոյեմբերից մինչեւ 2019 թվականի հունիսը։ Նա նաեւ 2019-2020 թվականներին եղել է Դանիայի խորհրդարանի հետախուզական ծառայությունների հանձնաժողովի նախագահ եւ ֆինանսների (2009-2016) ու զբաղվածության (2001-2009) նախարար:





























