Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ եւ փոխվարչապետ, Դուբայի կառավարիչ, շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը կկատարի նախագահի պարտականությունները, մինչեւ որ դաշնային խորհուրդը, որը միավորում է յոթ էմիրությունների կառավարիչներին, 30 օրվա ընթացքում հավաքվի եւ ընտրի նոր նախագահ՝ ԱՄԷ-ի երկրորդ նախագահ Խալիֆա բեն Զաիդ Ալ Նահայանի մահվան հետ կապված։

Ինչպես տեղեկացրել է «Ալ Արաբիա»-ն, Աբու Դաբիի թագաժառանգ, շեյխ Մոհամեդ բին Զաիդը Թվիթերում ցավակցություն է հայտնել՝ հայտարարելով, որ «ԱՄԷ-ն կորցրել է իր բարեպաշտ որդուն, «իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման փուլի» առաջնորդին եւ իր օրհնյալ ճանապարհի հոգածուին»։

Եգիպտոսի եւ Իրաքի վարչապետերը նույնպես ցավակցություն են հայտնել ԱՄԷ-ի նախագահի մահվան կապակցությամբ։

Շեյխ Խալիֆան՝ Աբու Դաբիի հանգուցյալ կառավարիչը, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ էր ընտրվել 2004թ. նոյեմբերի 3-ին՝ փոխարինելով հորը՝ հանգուցյալ շեյխ Զաիդ բին Սուլթան Ալ Նահայանին, որը ԱՄԷ-ի նախագահն է եղել 1971-2004թթ.։