ԱՄՆ-ն աշխատում է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում Թուրքիայի դիրքորոշման հստակեցման ուղղությամբ: Այս մասին ուրբաթ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենի՝ Գերմանիա եւ Ֆրանսիա կատարելիք այցին նվիրված ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը:

«Մենք աշխատում ենք Թուրքիայի դիրքորոշումը ճշտելու ուղղությամբ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ այս շաբաթվա վերջին Բեռլինում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին հրավիրված են նաեւ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի արտգործնախարարները։ «Անկասկած, դա կլինի քննարկում, որը մենք կշարունակենք հանգստյան օրերին»,- պարզաբանել է Դոնֆրիդը:

Մեկնաբանելով Թուրքիայի դիրքորոշումը՝ նա հերթական մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի՝ «բաց դռների քաղաքականությանը» եւ կաջակցի դաշինքին միանալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դիմումներին, եթե այդպիսիք ուղղվեն այդ երկրների իշխանությունների կողմից։