Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարչակազմը պատասխանել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարություններին, կապված 2008-ի ռուս-վրացական պատերազմի հետ:

«Մտահոգիչ է, որ Ռուսաստանի նախագահը կրկին ցինիկորեն արդարացնում է իր իրականացրած էթնիկ զտումները, ռազմական ագրեսիան ու օկուպացիան: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Մեդվեդեւի այն արտահայտությանը, որի համաձայն Ռուսաստանը 2008-ի ագրեսիայով, օկուպացիայով ու էթնիկ զտումներով դաս է տվել ոչ միայն Վրաստանին, այլեւ մյուս հարեւան երկրներին»,- օգոստոսի 6-ին հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Մեդվեդեւը, մասնավորապես, հայտարարել էր, որ 2008-ի օգոստոսի դեպքերը «լուրջ դաս» էին Հայաստանի եւ Ադրբեջանի համար:

ՌԴ նախագահի ելույթում, ըստ Մանջգալաձեի, հնչել են Սառը պատերազմի ժամանակվա արտահայտություններ` Ռուսաստանի դեմ Արեւմուտքի դավադրության մասին, ինչը անհանգստություն է առաջացնում Թբիլիսիում:

«Տխրեցնող է նաեւ այն, որ հարեւան երկրի նախագահը նման կերպ խոսում է ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ հարեւան երկրների մասին եւ կատարյալ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում այն երկրների նկատմամբ, որոնք իր գործընկերներն են»,- հայտարարել է մամուլի խոսնակը:

Նրա խոսքով, վրացական կողմը ցանկանում է Ռուսաստանի հետ ունենալ «նորմալ, քաղաքակիրթ եւ բարեկամական հարաբերություններ, բյց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հարգանքով վերաբերի Վրաստանին, վրաց ժողովրդին, նրա կամքին, ազատությանը, հիմնարար ազատություններին եւ հրաժարվի խխորհրդային կայսրությունը վերականգնելու անպտուղ փորձերից»:

Օրերս տված հարցազրույցում Մեդվեդեւը կրկին 2008-ի ռուս-վրացական պատերազմի պատասխանատվությունը դրել էր Թբիլիսիի վրա, նշելով, որ Սահակաշվիլին պետք է կանգնի միջազգային տրիբունալի ռաջ:

Ռուսական  Russia Today, վրացական «Առաջին տեղեկատվական կովկասյան» հեռուստաընկերություններին եւ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Մեդվեդեւը հայտարարել էր, որ պատրաստ է խոսել բոլորի հետ, բացի Սահակաշվիլիից: