Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմը բացահայտեց Վրաստանի կառավարության անպատասխանատվությունը եւ անկարողությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի «Ժողավրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակաալությունը։
«Երեք տարի է անցել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո, որի արդյունքում Վրաստանը կորցրեց իր տարածքների 20 տոկոսը, կորցրեց հարյուրավոր խաղաղ բնակիչներ եւ զինվորներ։ Հենց կառավարության շնորհիվ է, որ մայրաքաղաքից մի քանի կմ այն կողմ կանգնած են ռուսական տանկերը»,- հայտարարել է Բուրջանաձեն:
«Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության ղեկավարը նշել է, որ օգոստոսի 8-ի պատերազմը կոտրեց այն կամուրջը, որը միաձուլում էր վրացի, աբխազ եւ օս եղբայրներին։
«Ռուս-վրացական պատերազմն ավելի հեռացրեց մեզ աբխազներից եւ օսերից եւ այն հեռանկարից, որ երբեւէ մենք կունենայինք միասնական երկիր»,-ընդգծել է նա, ավելացնելով, որ վրացիները, աբխազները եւ օսերը պետք է ուժ հավաքեն, ընդունեն իրենց սխալները եւ իրար հասկանալու քայլեր անեն։




























