Այս տարի գրանցվել է բոտուլիզմի 16 դեպք, որից 27 մարդ է տուժել: Թունավորման հետեւանքով երեք մարդ մահացել է: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը` օգոստոսի 9-ին տեղի ունեցած ասուլիսում:
Նա նաեւ հավելել է, որ 2010 թ. գրանցվել է բոտուլիզմի 12 դեպք, որից տուժել է 19 մարդ, մեկը մահացել է:
Բաբայանը շեշտել է, որ թունավորման հիմնական պատճառներ կարող են լինել կամիր պղպեղի, սմբուկի խավիարի, լոլիկի` տնային պայմաններում պատրաստված պահածոները:
Նրա կարծիքով, պահածոներն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է դրանք 20-25 րոպե եռացնել 110-120 ջերմաստիճանի պայմաններում:
Բոտուլիզմի նախանշաններն են` փսխումը, փորլուծությունը, սրտխառնոցը, ընդհանուր թուլությունը եւ այլն: Բաբայանը խորհուրդ է տվել դրանց առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ միանգամից դիմել բժշկի:
Ասուլիսի մեկ այլ մասնակից` բաժանմունքի գլխավոր մասնագետ Լեւոն Թուխիկյանը նշել է, որ պետք է զգուշությամբ օգտագործել սունկը, ձմերուկը եւ սեխը: Թուխիկյանի խոսքով, ձմերուկը եւ սեխը հակացուցված են աղեստամոքսային տրակտի եւ միզապարկի հիվանդությամբ տառապող հիվանդների համար:




























