Կառավարության 3–րդ մասնաշենքում աշխատող չորս գերատեսչությունների ղեկավարներն այդպես էլ չհանդիպեցին խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների հետ, չնայած նրանք մոտ երեք ժամ «Դիմադրություն» շարժման մյուս մասնակիցների հետ 3–րդ մասնաշենքի դիմաց էին։
NEWS.am-ը փորձեց կապ հաստատել Առողջապահության, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների հետ՝ պարզելու, թե ինչու չցանկացան հանդիպել պատգամավորների հետ եւ դիրքորոշում հայտնել նրանց պահանջների վերաբերյալ, հատկապես որ այդ պահանջները Հայաստանի համար օրակարգային կարեւոր հարցերին են վերաբերում։
Նախարարներ Անահիտ Ավանեսյանը, Հակոբ Սիմիդյանը, Գնել Սանոսյանը եւ Նարեկ Մկրտչյանը այդպես էլ չպատասխանեցին մեր զանգերին։
Ոչ ոստիկանությունը, ոչ էլ 3–րդ մասնաշենքում տեղակայված չորս նախարարությունները որեւէ պարզաբանում չեն տվել, թե ինչու պատգամավորներին թույլ չեն տվել շենք մտնել, այն դեպքում որ պատգամավորները սեղմ ժամկետում ընդունելության իրավունք ունեն կառավարության ցանկացած անդամի մոտ։ Պատգամավորներն նաեւ ունեն անարգել մուտքի իրավունք բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ։
Նշենք, որ այսօր՝ մայիսի 30–ին, «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի Կառավարության 3 շենք, պարզելու՝ Արցախի կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով, գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որը Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Հիշեցնենք, որ ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։
«Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել, որի հետեւանքով մի քանի քաղաքացի տուժել է, ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, տասնյակ քաղաքացիներ՝ ոստիկանական բաժիններ։ Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել ակցիայի մասնակիցների, այդ թվում նաեւ պատգամավորների նկատմամբ։





























