Ոստիկանների մեջ կային մարդիկ, որ անիմաստ աշխուժություն էին ցուցաբերում, փորձում էին կոպիտ բան արած լինեին, երբ ընդհանրապես դրա իմաստը չկար: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին ոստիկանության Էրեբունու բաժնի դիմաց լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ում շուրջ մեկ տասնյակ ոստիկաններ ուժ կիրառելով եւս բերման էին ենթարկել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից:
«Մեկը մեջքիցս բռնած, մեկը՝ կողքից, մեկ էլ մեկը գալիս է, ուզում է անպայման թեւս ոլորի: Միգուցե մտածում էին, որ այդպես անելով պարգեւավճարը ավելի կլինի, կամ առաջխաղացում կունենան: Եթե նույնիսկ հրահանգ չունեին, մտածում էին, որ նման բան անելով ինչ-որ մեկը կուրախանա վերեւներում: Հստակ բիրտ ուժ էին կիրառում:
Այս ամենը չէր լինի, եթե թույլ տային մի քանի պատգամավորների ներս մտնել կառավարության շենք եւ հանդիպել նախարարների հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ սրանով փորձում են մարդկանց վախեցնել:
«Այս անգամ զուտ վարչական իրավախախտմամբ չեն բերման ենթարկել, այլ խուլիգանության կասկածանքով: Երեւի փորձելու են քրեական գործ հարուցել: Դա աբսուրդ է, դատարկություն է, բայց երեւի սրանով ուզում են էլ ավելի կոպիտ ապօրինությունների գնալ»,-ընդգծեց Լեւոն Քոչարյանը:
Անդրադառնալով իր ձեռքի կապտուկներին, նա ասաց, որ դա ոստիկանական գործողությունների հետեւանքն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ «Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման են ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։ Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել նաեւ պատգամավորների, անչափահասների նկատմամբ։





























