Ոստիկանության բաժանմունքում հերթ էր, սպասում էինք՝ մեր հերթը գար, որ մտնեինք, մեր անուն, ազգանուններն էլ գրեին: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին ոստիկանության Էրեբուու բաժանմունքի մոտ լրագրողներին հայտնեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը, որին եւս բերման էին ենթարկել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից:

Նրա խոսքով, այսօր ոստիկանության կողմից բռնությունները իրենց հուշում է, որ պետք է պայքարել մինչեւ վերջ եւ հասնել նպատակին:

«Ինձ թվում է՝ վաղն ավելի կշատանանք եւ ավելի շուտ կհասնենք մեր մեր նպատակին: Ես բոլորի նման հասարակ քաղաքացի են, անկախ նրանից, որ Արթուր Վանեցյանի որդին եմ, բոլորի պես պայքարում եմ»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ «Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման են ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։  Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել նաեւ պատգամավորների, անչափահասների նկատմամբ։