«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը մի խումբ երիտասարադների հետ այսօր բերման էր ենթարկվել և գնտվում էին Էրեբունի ոստիկանության բաժանմունքում։ Շուրջ չորս ժամ բաժանամունքում մնալուց հետո, Հարությունյանը դուրս եկավ և պատմեց հետևյալը․
«Մոտ չորս ժամ մնացի ոստիկանական բաժանմունքում։ Այնքան շատ մարդ էին բերման ենթարկել, որ ոստիկանությունն էլ չէր կարողանում աշխատել։ Մոտ 2,5 ժամ ոչ մի թուղթ չեն լրացրել, որովհետև նստած սպասում էին հրահանգի, արդյոք մեզ վարչական են գրելու, թե՞ քրեական։ Վերջում հրահանգ եկավ, որ պետք է քրեկան գործ հարուցվի ։ Ոստիկանները շատ արագ, մեկ թղթի վրա երկու հոգով էին գրում , որ հասցնեին։ Բոլորի վրա գործ հարուցեցին՝ գրեցին, որ կասկածվում են խուլիգանություն կատարելու մեջ»։
Հարությունյանի համոզմամբ՝ նպատակ ունեն հերթական «գործերը կարելու»։
«Երբ մենք մտանք բաժին, տրամադրվածությունն արդեն այլ էր, քան սովորաբար լինում է։ Ակնհայտ էր, որ սպասում էին հրահանգի։ 2,5 ժամ ոչ մի թուղթ չի լրացվել, ինչն էլ խոսում է այն մասին, որ բաժնի պետն անգամ չգիտեր,թե ինչ պետք է լրացվի։ Հրահանգը ստանալուց հետո գրեցին խուլիգանության հոդվածը»,- ասաց նա։
Երիտասարդի կարծիքով ՝ քրեական գործեր հարուցելու նկատակը՝ ազատությունից իրենց զրկելն է։
«Հեռանկարում նպատակը՝ շարժման հիմնականում ակտիվ անձանց կալանավորնել է։ Բայց դա էլ չի օգնելու իրենց։ ինչ ուզում են անեն, թող բռնեն, կալանավորեն,որովհետև ինձ կալանավորելուց հետո 100 հոգի ավելի շատ մարդ է ոտքի կանգնելու»։
Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ սկսված գործընթացն օր օրի աճում է և այն կասեցնելն այլևս դառնում է անհնարին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ «Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման են ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։ Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել նաեւ պատգամավորների, անչափահասների նկատմամբ։





























