Ոստիկանությունը հարաբերական դադարից հետո այսօր էլ ավելի ագրեսիվ գործողությունների դիմեց, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ոստիկանական բոլոր հանցագործությունները ՀՀ քաղաքացիների, պատգամավորների, անչափահասների նկատմամբ դրվագ առ դրվագ արձանագրվել են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից և, որպես հանցագործության մասին հաղորդում, շուտով կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազին։

Բոլոր վայրագությունների մասին համապատասխան զեկույցներով կտեղեկացվեն նաև մեր միջազգային գործընկերները»,- հայտարարել է Թագուհի Թովմասյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ «Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման են ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։  Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել նաեւ պատգամավորների, անչափահասների նկատմամբ։