Սոչիում անցկացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: Երկու երկրների ղեկավարները քննարկում են երկկողմ հարաբերությունների ընդլայնման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, նաեւ միջազգային բնույթի հարցեր` մասնավորապես կապված համաշխարհային տնտեսական խնդիրների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իհարկե կարեւորագույն թեմաներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Ես կցանկանայի հնարավորինս բաց խոսակցություն ունենալ, թե ինչ անել հետագայում, ինչպես կզարգանան իրադարձությունները` նկատի առնելով Կազանյան վերջին եւ հետագա հանդիպումները»,-անկեղծորեն ասել է Մեդվեդեւը Ալիեւի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Իր հերթին, Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը հրավերի համար: Նա նշել է, որ երկկողմ համագործակցության բոլոր ուղղություններով նկատվում է դրական դինամիկա, այդ թվում տնտեսական եւ հումանիտար փոխգործակցության եւ էներգետիկ անվտանգության ոլորտներում: Ալիեւը նաեւ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղության ձեռնարկված ջանքերի համար:

«Անցկացված բանակցությունները մոտեցրել են կողմերի դիրքորոշումները: Դա (Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը) տարածաշրջանային անվտանգության գլխավոր խնդիրն է: Հնարավոր է, որ Ադրբեջանը, առավել քան ուրիշ մեկը, մեծապես հետաքրքրված է հակամարտության կարգավորման մեջ»,-ասել է Ալիեւը: