Արտահերթ ընտրությունների գաղափարին Հայաստանում աջակցում է հարցվածների ընդամենը 18,7 տոկոսը: Այդ մասին այսօր` օգոստոսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով հանրապետության մի շարք բնակավայրերում անցկացված հարցման արդյունքները:

Արտահերթ ընտրություններին դեմ են հարցվածների 41 տոկոսը: Մի մասը դա բացատրում է գաղափարի անիմաստությամբ, մյուսը` ինչ-որ բան փոխելու անհնարինությամբ: «Հետեւաբար, այդ հարցը հանրաքվեի դնել, լրացուցիչ միջոցներ ծախսել եւ հանրության մեջ հուզումներ առաջացնել չարժե»,- նկատել է Ադիբեկյանը:

Նա նկատել է, որ արտահերթ ընտրություններին կարող է հաղթել «Բարգավաճ Հայաստանը», քանի որ Հայ ազգային կոնգրեսը աստիճանաբար կորցնում է հանրության վստահությունը եւ տիտղոսային ընդդիմության դերը: «ՀԱԿ-ն այժմ հայտարարում է, թե չի հրաժարվել նախկին պահանջներից: Այդկերպ Կոնգրեսը ձգտում է պահպանել թե արմատական, թե չափավոր բաղադրիչը»,- ասել է Ադիբեկյանը:

Ըստ սոցիոլոգի` ՀԱԿ-ի հայտարարությունն արտահերթ ընտրությունների ծայրահեղ ժամկետների եւ ժողովրդին փողոց հանելու մասին, քաղաքական կարճատեսության դրսեւորում է: «Զարգացած երկրներում կա այս կամ այն գործչի ներկայացվածության հստակ պատկերացում, որ ժողովրդի անունից կարող է խոսել միայն նախագահը: Կառավարության անունից միայն վարչապետը: Ուստի ժողովրդին փողոց հանելու խոստումը խոսում է քաղաքական կոմպետենտության անբավարարության մասին»,- հայտարարել է Ադիբեկյանը: