Հայաստանը տպավորիչ արդյունք է գրանցել WAMAS-2022 մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում՝ մասնակից երկրների շարքում նվաճելով ամենամեծ թվով սուպերչեմպիոնական և չեմպիոնական տիտղոսները։ Մեր փոքրիկ հայրենակիցների արդյունքներն ավելի քան խոսուն են. 1 սուպերչեմպիոն, 7 չեմպիոն, 3 առաջին տեղի մրցանակակիր, 1 երկրորդ և 1 երրորդ տեղի մրցանակակիր։ Հունիսի 1-2 Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխում անցկացված օլիմպիադային մասնակցում էր 300 երեխա 19 երկրից (Հայաստան, Եգիպտոս, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Լեհաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լիբիա, Կատար, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան):
Հայաստանը ներկայացրել է «Աբակ» մենթալ թվաբանության ակադեմիայի 13 սան: Երեխաները մրցում էին ըստ տարիքային խմբերի ու բարդության աստիճանների: «Աբակ»- ասոցիացիայի ջանքերով հայ երեխաները օլիմպիադային մասնակցում են 2018 թվականից։
Բավականին թեժ պայքարի արդյունքում թիմի՝ ամենաբարդ աստիճանում մրցող Դավիթ Սուքիասյանն (Internediate III, 11 տարեկան) արժանացավ սուպերչեմպիոնի կոչման, ինչը նշանակում է, որ այդ աստիճանում ու տարիքային խմբում նա լավագույնն է: Փոքր տարիքային խմբերում սուպերչեմպիոնական տիտղոս չի նախատեսվում և չեմպիոնի տիտղոսն ամենաբարձրն է։ Այսպիսով, Մարիամ Ասատրյանը (Start II, 9 տարեկան), Արեգ Կիվիրյանը (Start II, 7 տարեկան), Շահանե Մկրտչյանը (Start III, 13 տարեկան), Գարրի Գալստյանը (Start III, 7 տարեկան), Վահագն Գրիգորյանը (Start III, 9 տարեկան), Վահան Արուշանյանը (Start III, 10 տարեկան), Վիկտորյա Հայրապետյանը (Start III, 8 տարեկան) դարձան չեմպիոններ: Գոռ Լալայանը (Start III, 10 տարեկան), Գեւորգ Թորոսյանը (Start III, 7 տարեկան) ու Ռուբեն Դավթյանը (Start III, 8 տարեկան) զբաղեցրին առաջին տեղեր, Դավիթ Վարդանյանը (Start III, 7 տարեկան)՝ երկրորդ, իսկ Ալեքսանդր Հայրապետյանը (Start III, 10 տարեկան)՝ երրորդ տեղը:
«Հոյակապ արդյունքներով աչքի ընկնելուց բացի, մեր թիմն այս տարի աչքի ընկավ նաեւ առանձնահատուկ միասնականությամբ, ինչին էլ գումարվեց Եգիպտոսում Հայաստանի դեսպանի տեսաուղերձը, որը կազմակերպիչները ցուցադրեցին մրցանակաբաշխության օրը՝ մեծ էկրանից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակադեմիայի համահիմնադիր Դիանա Հովհաննիսյանը։
«Շնորհակալ ենք Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանին եւ հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանին՝ մեր թիմին ցուցաբերած աջակցության համար»,- նշեց «Աբակ»-ի համահիմնադիր Նարինե Բալայանը։
Նշենք, որ Նարինե Բալայանի եւ Դիանա Հովհաննիսյանի կողմից հիմնադրված «Աբակ» ակադեմիան 2016 թվականին առաջին անգամ Հայաստան է բերել մենթալ թվաբանության մեթոդը։ Ակադեմիան այսօր արդեն ունի 23 մասնաճյուղ Երևանում և մարզերում։ Ակադեմիան միակն է Հայաստանում, որ մասնակցել է WAMAS-ի օլիմպիադաներին:
.jpg)
.jpg)





























