Իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի երկխոսությունn արդեն տվել է իր պտուղները. eրկրում վերացել է քաղաքական ատելության մթնոլորտը: Այդ մասին  օգոստոսի 10-ին լրագրողների հետ ունեցած ասուլիսում հայտարարել է Ռամկավար-ազատական կուսակցության ղեկավար Էդուարդ Անտինյանը`դրական գնահատելով այդ հանգամանքը: Նրա խոսքով, երկխոսությունից այլ արդյունքներ պետք չէ սպասել:

«Մասնավորապես, պետք չէ սպասել արտահերթ ընտրությունների: Դա տեղի է ունենում երկրում վառ արտահայտված քաղաքական ճգնաժամի առկայության պայմաններում, որն այսօր չկա»,-շեշտել է Անտինյանը:

Քաղաքական գործչի կարծիքով, երկխոսությունը ինքնին կարող է թուլացնել ՀԱԿ-ին, քանզի հասարակությունը, որը գնում էր ծայրահեղական Կոնգրեսի` «hեղափոխություն», «iշխանափոխություն» եւ այլ կարգախոսների հետեւից, կարող է չընդունել ՀԱԿ-ի դիրքորոշման մեղմացումը:

«Ահա թե ինչն է հետաքրքիր. հայտնի է, որ արտագաղթի ծավալները մեծանում են ընտրություններից հետո, երբ դրանց արդյունքներից դժգոհ հասարակության որոշակի հատված լքում է երկիրը, քանզի հարմարավետ չէ այստեղ ապրելը: Այսօր մենք տեսնում ենք, որ արտագաղթը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա:

Դա նշանակում է, որ ժողովուրդը չի վստահում ընդդիմությանը, քանզի հակառակ դեպքում կսպասեր ընտրություններին` փոփոխության ակնկալիքով: Արտագաղթի համար նախքան ընտրությունները պատասխանատու է ընդդիմությանը, իսկ դրանից հետո` իշխանությունը»,-շեշտել է նա:

Անտինյանը նաեւ ներկայացրել է այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը սպառնում է ժողովրդին փողոց հանել, եթե աշնանը Հայաստանում արտահերթ ընտրություններ չանցկացվեն. «Շատերը իշխանությունների եւ ՀԱԿ-ի երկխոսությունը կեղծիք են համարում, վերջերս այդ մասին սկսել են խոսել հենց Կոնգրեսի ներկայացուցիչները:

Հարց է առաջանում. բայց մարդիկ արդեն փողոցներում էին, երբ նրանց ասացին տուն գնալ: Իսկ այժմ կրկին պնդում են, որ մարդկանց փողոց կհանեն: Ինչո՞ւ է ՀԱԿ-ն ինքը երկխոսությունը կեղծ անվանում: Որպեսզի ամեն ինչ իշխանությունների վրա՞ գցի»: