Կրկնակի հարկման վտանգը նվազեցնող նոր հայ-ամերիկյան համաձայնագիրը կամրապնդի ԱՄՆ-ի եւ Հայաստանի տնտեսական հարաբերությունները` երկկողմ առեւտրի հիմնական խոչընդոտոտների վերացման ճանապարհով, եւ բացի այդ, կամրապնդի հայ եւ ամերիկացի ժողովուրդների հաստատուն կապերը:

Ամերիկայում Հայաստանի ազգային կոմիտեի (ANCA) նախագահ Քեն Խաչատրյանը նամակ է ուղղել ԱՄՆ-ի ֆինանսների նախագահ Տիմոտի Գայտներին` նշելով, որ կրկնակի հարկահավաքման նոր համաձայնագիրը հնարավորություն կտա հետաքրքրությունների հիմք ստեղծել նաեւ առանձին անձանց համար: Այդ մասին հաղորդում է Asbarez-ը:

«Դա կկանխեր հարկային շատ վեճերի առաջացումը եւ կապահովեր դրանց կարգավորման հստակ ճանապարհները»,-գրել է նա: «Շատ պարզ է. կրկնակի հարկման վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի բացակայությունը Հայաստանը դարձնում է նվազ գրավիչ ամերիկյան ներդրումների համար, եւ միաժամանակ դրա բացակայությունը ԱՄՆ-ին նվազ գրավիչ է դարձնում արտասահմանում բիզնես ունեցող հայկական ընկերությունների համար»,-ասվում է նամակում:

Նա հավելել է, որ «Հայաստանի հարեւանը` Թուրքիան ԱՄՆ-ի հետ ունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր: ԱՄՆ-ի հետ նման համաձայնագրեր ունեն նաեւ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բալթյան երկրները` Էստոնիան, Լատվիան եւ Լիտվիան: Իսրայելը, Իռլանդիան, Իտալիան, Հունաստանը եւ այլ երկրներ, որոնք ԱՄՆ-ում մեծ սփյուռք ունեն, նույնպես ԱՄՆ-ի հետ նման համաձայնագիր ունեն, բայց Հայաստանը դեռեւս չունի»: