Մի քանի դպրոցներ, այդ թվում՝ Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցը թերֆինանսավորվել են վերջին տարիներին, ինչի հետեւանքով դպրոցի պարտադիր ծախսերի համար չի բավականացնում քաղաքապետարանից տրամադրված նախահաշվային գումարը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը՝ նշելով, որ ինքը դիմել է քաղաքապետարան, որպեսզի բյուջեի վերաբաշխում իրականացվի։

«Ես քաղաքապետարանին բարձրաձայնել եմ խնդիրը, քաղաքապետարանում քննարկումներ են լինելու, որի արդյունքում պետք է վերաբաշխում իրականացվի»,– ասաց Նատալյա Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ քանի որ դպրոցը դեռ նախորդ տարիներից տնտեսումներ է ունեցել, դպրոցին հատկացվող գումարը բավարարել է վերջին տարիներին, սակայն խնայված միջոցները վերջացել են նախորդ տարի։

Ըստ Նատալյա Ստեփանյանի՝ նախկինում դպրոցին հատկացվող գումարը աշակերտների թվով ֆինանսավորման բանաձեւի հիման վրա էր իրականացվում, սակայն վերջին տարիներին ըստ կարիքի գնահատման է իրականացվում։

«Եթե, օրինակ, մեր քաղաքում կան դպրոցներ, որոնք ունեն ավելի անհրաժեշտ ու հրատապ կարիքներ, միջոցները ուղղվել են իրենց եւ եթե մնում է ավելցուկ, ըստ իմ պատկերացման՝ դա վերաբաշխվում է մյուս դպրոցների միջեւ, այդ գործընթացը պետք է արդեն սկսվի»,– ասաց դպրոցի տնօրենը։

Նրա խոսքով՝ դպրոցի սաների ծնողներն ամիսներ առաջ ծնողների իրավունքների պաշտպանության նպատակով հիմնել են  «Ծնողների միություն» հասարակական կազմակերպությունը, բայց երբ իմացել են, որ այս տարի էլ թերֆինանսավորում կա, առաջարկել են, որ ՀԿ–ն ծառայի նաեւ այդ նպատակին։

«Դպրոցի բյուջեն հաստատելուց առաջ այն ներկայացվում է ծնողական խորհրդին, երբ ծնողներն իրազեկվեցին, որ այս տարի էլ թերֆինանսավորում կա, առաջարկեցին, որ այդ ՀԿ–ն կարելի է ծառայեցնել կանոնադրությամբ նախատեսված ծնողի մեկ այլ պարտականության իրագործման համար, այն է՝ օժանդակել դպրոցի նյութատեխնիկական միջոցների բավարարմանը։ Սա նշանակում է, որ ծնողները ցանկության դեպքում կարող են կատարել նվիրատվություն եւ իրենք էլ կատարեն ծախսերը՝ առանց գումար տրամադրելու դպրոցին։ Օրինակ,  դպրոցը կարող է ներկայացնել հայտագիր, որ այս կամ այն խնդիրը կա, եւ ծնողական խորհուրդը քննարկի դա ձեռք բերելու  նպատակահարմարությունը, եւ եթե դրա անհրաժեշտությունը հաստատվի, ապա իրենք էլ կգնեն այս կամ այն գույքը եւ կտրամադրեն դպրոցին։ Այսինքն՝ դպրոցը զերծ է մնում դրամահավաքներից։ Այդ կազմակերպությունը դեռ չի գործում, այն պետք է ունենա աուդիտոր, որը պետք է վերահսկողություն իրականացնի, այն պետք է թափանցիկ գործի եւ որեւէ կերպ չառնչվի դպրոցի հետ։ Ժողովի ժամանակ ես պնդել եմ, որ պետք է ապահովվի կամավորության սկզբունքը, եւ յուրաքանչյուր ծնողի նվիրատվության գաղտնիությունը պետք է երաշխավորված լինի»,– ասաց դպրոցի տնօրենը։