Բեռլինում հետիոտնների վրաերթի ենթարկած վարորդի մեքենայում Թուրքիային առնչվող պաստառներ են հայտնաբերվել, գրում է DW-ը։

Բեռլինի կառավարությունում ներքին գործերի, թվայնացման եւ սպորտի հարցերով սենատոր Այրիս Սփրանգերը հերքել է ավելի վաղ լրատվամիջոցների հաղորդագրությունն այն մասին, որ մեքենայի մեջ հայտնաբերվել է խոստովանական նամակ եւ հանցագործության բացատրություն: «Իրական խոստովանական նամակ չկա»,- հայտարարել է նա։ Սենատորի խոսքով՝ մեքենայում հայտնաբերվել են Թուրքիային առնչվող հայտարարություններով պաստառներ։

Վարորդը բերման է ենթարկվել անցորդների կողմից եւ հանձնվել ոստիկանությանը։ Պարզվել է, որ նա 29-ամյա հայազգի է, որն ունի  երկքաղաքացիություն եւ բնակվում է Բեռլինում։ Ըստ dpa-ի՝ նա վարել է իր ավագ քրոջը պատկանող մեքենան եւ արդեն հայտնի է եղել ոստիկանությանը, բայց ոչ ծայրահեղականության հետ կապված։

Բեռլինի ոստիկանության պետը հայտնել է, որ կասկածյալը գտնվում է հիվանդանոցում։  Պաշտոնական հայտարարություններում չի նշվում, որ դա կարող էր դժբախտ պատահար լինել։ Bild թերթը մեջբերել է քննիչներից մեկի խոսքն այն մասին, որ ենթադրյալ հանցագործը «սառնարյուն մարդասպան է» եւ բացառել է դժբախտ պատահարի հավանականությունը։

Միջադեպի հետեւանքով տուժել են Հեսսեն քաղաքի մի խումբ դպրոցականներ։ Ուղեկցող ուսուցիչներից մեկը մահացել է, եւս մեկ ուսուցիչ ծանր վիրավորվել է, մեծ թվով դպրոցականներ են վնասվածքներ ստացել։