2011-ին Հայաստանում անցկացվող մարդահամարի համար Երեւան քաղաքում, նախնական տվյալներով ,  անհրաժեշտ կլինի 55 ժամանակավոր սենյակ եւ 733 հրահանգչական տեղամաս: Մարդահամարի անցկացման ժամանակ Երեւանում կաշխատեն  788 հրահանգիչ-հսկիչ եւ 3 704 հաշվարար: Այս մասին նշվել է այսօր` օգոստոսի 10-ին, մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ, համապետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ստեփան Մնացականյանը Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին  հորդորել է մինչեւ սեպտեմբեր հնարավորինս  լուծել իրենց վարչական շրջաններում շինությունների համարակալման  հարցը, կարգավորել դրանց հասցեականությունը, շենքերի վրա փակցնել անվանատախտակներ, նաեւ  աջակցել ժամանակավոր աշխատասենյակների հարցում` տարածքներ տրամադրելով  վարչական շրջանների  նախակրթական, ուսումնական եւ առողջապահական հաստատություններում: 

ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն առաջարկել է այս հարցերի  լուծման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 1-ը: Վարչական շրջանների ղեկավարներին առաջարկվեց նաեւ աշխատանքներն իրականացնել օպերատիվ կերպով, ընթացքում առաջացող հարցերի դեպքում դիմել հանձնաժողովին` մարդահամարի գործընթացն անխափան, ըստ ժամանակացույցի  կազմակերպելու նպատակով: