Չինաստանի Huadian էլեկտրաէներգիայի պետական կորպորացիայի նախկին գործադիր տնօրեն եւ կուսակցական կոմիտեի քարտուղարի տեղակալ Յուն Գունմինը մահապատժի է դատապարտվել կաշառք վերցնելու համար։ Համապատասխան որոշումը հինգշաբթի կայացրել է Չանչուն քաղաքի (Հյուսիսարեւելյան Ցզիլին նահանգ) ժողովրդական դատարանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Նախկին պաշտոնյայի նկատմամբ դատավճիռը կայացվել է 2 տարի ժամկետով կասեցմամբ։ Դատարանը նաեւ կարգադրել է Յուն Գունմինին ցմահ զրկել քաղաքական իրավունքներից, ինչպես նաեւ բռնագրավել ամբողջ անձնական ունեցվածքը։ Երկու տարի անց, ըստ դատարանի հայտարարության, գործող օրենսդրության համաձայն մահապատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ։
Նախկին պաշտոնյան մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքն անձնական շահի համար օգտագործելու մեջ։ Հետաքննությունը պարզել է, որ Յուն Գունմինը կաշառք է ստացել կանխիկ գումարի եւ գույքի տեսքով, որպեսզի օգնի երրորդ կողմերին եւ կազմակերպություններին շինարարական պայմանագրեր ձեռք բերել, ինչպես նաեւ՝ պետական պաշտոնյաների առաջխաղացման դիմաց: Կաշառքի ընդհանուր գումարը 468 մլն յուան (մոտ 70 մլն դոլար) է կազմել։
Huadian-ը Չինաստանում էլեկտրաէներգիա արտադրող առաջատար ընկերությունների հնգյակում է: Չինական շուկայում այս ոլորտում այն զբաղեցնում է մոտ 10 տոկոստ: Կորպորացիան նախագծեր ունի նաեւ Ռուսաստանում։ Նրա կենտրոնակայանը գտնվում է Պեկինում։
2018 թ. կոռուպցիոն սկանդալ էր տեղի ունեցել ընկերության դուստր ձեռնարկություններից մեկում՝ Huadian Engineering-ում, որը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգետիկ սարքավորումների մշակմամբ եւ արտադրությամբ։ Այն ժամանակ հետաքննություն էր սկսվել նաեւ դրա նախկին գործադիր տնօրեն Հո Լիի նկատմամբ՝ օրենքի խախտման եւ ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման կասկածանքով:





























