Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել երթուղային տաքսու մեջ աթոտական թթու թափվելու եւ 5 ուղեւորների այրվածքների պատճառ դառնալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախօրեին ժամը 16:55-ին, Երեւանի Ռոստովյան փողոցում 95 համարի «ԳԱԶԵԼ» մակնիշի 2552 Տ համարանիշի երթուղային տաքսու մեջ կոտրվել է ազոտական թթու պարունակող 1.5լ ապակյա տարա եւ այն թափվել է մեքենայի սրահում:
Նույն օրը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացիներ` այրվածքներով: Տուժածներն են. «ԳԱԶԵԼ»-ի վարորդ Ս. Հովհաննիսյանը, ուղեւորներ 55-ամյա Համլետ Վարդանյանը, 55-ամյա Իրինա Նազարյանը, 54-ամյա Գոհար Ասլանյանը, 34-ամյա Գեւորգ Էլարյանը եւ 26-ամյա Արմեն Օհանյանը:
Նրանք պատմել են, որ գտնվել են թիվ 95 երթուղայինում, որտեղ հրդեհ է բռնկվել:
Գ.Էլարյանը եւ Ա.Օհանյանը ստացել են առաջին բուժօգնություն եւ դուրս գրվել հիվանդանոցից, իսկ Հ.Վարդանյանի, Ի.Նազարյանի եւ Գ.Ասլանյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ընթանում է քննություն:




























