Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմի 5 լեռնագնացներն օգոստոսի 8-ին հասել են Կազբեկի գագաթ (5033մետր) եւ ծածանել հայոց եռագույնը:
Ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ այս անգամ, ի տարբերություն նախորդների, ամեն ինչ այդքան էլ պարզ չէր, Կազբեկը բավականին բարդ լեռնագագաթ էր, եղանակային բոլոր կանխագուշակումները լավ բան չէին հուշում, թիմում 5 լեռնագնացներից 3-ը աղջիկ էին, որից 2-ը նոր էին սկսում իրենց քայլերը ալպինիզմում,,բայց հայ լեռնագնացները քաջ ու խիզախ գտնվեցին եւ հաջող մարզումներից հետո մարտական տրամադրությամբ, ի զարմանս տեղացի լեռնագնացների, որոշում կայացրեցին գրոհել գագաթը:
Հինգ հայ լեռնագնացներն են Գարեգին Ունուսյանը (խմբի ղեկավար), Լեւոն Մովսիսյանը, Հասմիկ Մանանդյանը, Անի Խաչատրյանն ու Մոնար Մովսիսյանը:
Նշենք, որ վերջին մեկ ամսում ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի Հայկական ֆեդերացիան կատարել է երկու լուրջ վերելք` Դեմավենդ` 5671 մետր եւ Կազբեկ` 5033 մետր:
Արդեն վստահություն կա, որ հիմք է դրվում ազգային հավաքականի ձեւավորմանը եւ լեռնագնացության տարածմանը երիտասարդության շրջանում: Արդեն ֆեդերացիա են դիմել մոտ 120 երիտասարդներ լեռնագնացության մեջ ներգրավվելու խնդրանքով:
Սեպտեմբերից ստեղծվելու են մարզական ակումբներ եւ սկսվելու են ակտիվ մարզումներ դպրոցական պատանիների շրջանում, զուգահեռաբար նաեւ բուհերում կստեղծվեն լեռնագնացությամբ զբաղվող միավորումներ, որոնց մեծապես կօժանդակի ֆեդերացիան:































