Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ երկխոսությունը կավարտվի ոչնչով: Այս մասին այսօր` օգոստոսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Միավորված առաջադիմական կոմունիստական կուսակցության առաջնորդ Վազգեն Սաֆարյանը, ով նաեւ հայրենական ապրանքարտադրողների միության նախագահն է: Նրա խոսքով, արդեն բազմաթիվ վերլուծաբաններ նշել են, որ այդ երկխոսության նխատկն իշխանությունը կիսելն է:

«Երկխոսության օրակարգը քաղաքական հարթության մեջ է, այնտեղ չեն քննարկվում կենսական սոցիալական եւ տնտեսական հարցեր: Այդ երկխոսությունը պրակտիկ արդյունք տալ չի կարող, քանի որ այնտեղ քննարկվում են զուտ քաղաքական հարցեր: Միաժամանակ, ժողովրդի համար միեւնույն է, թե ով կլինի իշխանության ղեկին, նա լավ ապրել է ուզում»,- հայտարարել է Սաֆարյանը:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու հեռանկարին, կոմունիստ գործիչն ընդգծել է, որ իրենց կուսակցությունը չի պաշտպանում այդ գաղափարը, քանի որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում: «Արտահերթ ընտրությունները ոչինչ չեն որոշում»,- վստահություն է հայտնել Սաֆարյանը:

Նա նշել է, որ Հայաստանում նախընտրական շրջան է սկսվում եւ իրենց կուսկցությունը եւս կողմ քաշված չի մնա: «Մենք պատրաստվում ենք ձախ ուժերի միություն ձեւավորել: Մեր նպատակն է հաջորդ ընտրություններն ավելի գաղափարական դարձնել: Այսօր խորհրդարանում են աջ ուղղվածության ուժերը, ազատականները (Սաֆարյանն ընդգծել է, որ ՀՅԴ-ն նրանց շարքում չէ, քանի որ այն իրեն սոցիալիստական է համարում) եւ այդ քաղաքականությունը երկիրը հասցրել է նրան, որ Հայաստանը աղքատության մեջ է հայտնվել: Դա պետք է բացատրել ժողովրդին, որ ինչ-որ բան պետք է փոխել»,- ամփոփել է կոմունիստը: