Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել 55-ամյա Գայանե Մ.-ն եւ  հայտնել, որ օգոստոսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Աղավնաձոր գյուղի շուկայի իր տաղավարից անծանոթ 3 տղաներ հափշտակություն են կատարել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անհայտ տղաները, մասնավորապես, բացահայտ հափշտակել են 2 լ հոնի օղի, 1 կգ մեղր, 1,5 լ գինի, 1 կրակայրիչ, 4 տուփ ծխախոտ, 1 կոշտ սկավառակ, 1 տուփ  չիպս, ապա նրանցից մեկը սկավառակը եւ 1 տուփ չիպսը վերադարձրել է, իսկ մնացած ապրանքով հեռացել են:

Նույն օրը, ժամը 23.50-ին, Երեւան-Մեղրի ճանապարհի 65-րդ կմ-ին, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, կանգնեցվել է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան եւ բաժին բերման են ենթարկվել վարորդը` 26-ամյա Մասիս Պ.-ն, եւ ուղեւորները` 33-ամյա Միշա Բ.-ն ու 30-ամյա Համլետ Ա.-ն:

Հափշտակվածը մասամբ առգրավված է:

Միշա Բ.-ն եւ Համլետ Ա.-ն ձերբակալվել են, իսկ Մասիս Պ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Կատարվում է նախաքննություն: