Նիգերիայի հյուսիսում Բոկո Հարամ արմատական իսլամիստական աղանդի գործունեությունը հետաքննելու համար ազգային բանակի ուժեր են ուղարկվելու:

Այդ մասին, ըստ BBC-ի, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Բելլո Մոհամմեդը, երբ զինվորների եւ ենթադրյալ աղանդավորների միջեւ փոխհրաձգության արդյունքում մի կին է մահացել: Մադիգուրի քաղաքի մոտ շարունակվում են զինված բախումները, որոնց հետեւանքով հազարից ավելի մարդիկ լքել են իրենց բնակավայրերը:

Միջազգային Amnesty International կազմակերպության տվյալներով, զինվորականների ավելորդ ագրեսիան հանգեցրել է առնվազն 23 մարդու մահվան: Պաշտպանության նախարարը նշել է, թե ցանկացած իրավախախտում մանրամասն հետաքննվելու է:

Խմբավորումը, որի անվանումը թարգմանվում է «Արեւմտյան կրթությունը արգելվում է», նպատակ ունի իսլամիստական պետություն ստեղծել: Կնոջ սպանությունից հետո նրանք ներխուժել են Բյու քաղաք ու այրել եկեղեցին: