Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանի Սեւսկի շրջանային դատարանը դատավճիռ է կայացրել Հայաստանի քաղաքացի Վահե Մելքոնյանի նկատմամբ:

Նա մեղադրվում է ռազմական նշանակության արտադրանքի եւ նյութերի մաքսանենգության համար, որոնք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման մեջ, «Ինտերֆաքսին» հայտնել է Դաշնային անվտանգության ծառայության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայության ղեկավար Դենիս Զարիտովսկին:

Նրա խոսքով` դատավարության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ ընդունել է մեղքը  եւ գործը հատուկ կարգով քննելու միջնորդություն է ներկայացրել, ինչը բավարարվել է:

Մելքոնյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման եւ 80 հազար ռուբլի տուգանքի:

Մելքոնյանը «Ռենո» մակնիշի բեռնատար ավտոմքենայով ձերբակալվել էր անցած տարի հունիսին` ռուս-ուկրաինական սահմանի վրա: