Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` կանխիկացնելու միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության եւ կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի նախկին գլխավոր հաշվապահը, նույն հիմնարկի ֆինանսական ծառայությունների մասնագետից նախապես վերցված «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության առկա քարտի հաշվին 2010թ. հունվարի 29-ից մինչեւ 2010թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ հիմնարկի ֆինանսական միջոցներից փոխանցելով եւ անձամբ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության առկա քարտով կանխիկացնելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:




























