ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղղել Ազգային մրցունակության հիմնադրամին, որում կոչ է արել խրախուսել Հայաստանի մրցունակ երիտասարդ գիտնականներին:
Պատգամավորն իր նամակում նշել է, որ օրեր առաջ տեղի է ունեցել Հայաստանի մրցունակության բարձրացմանը նպաստող մի կարեւոր իրադարձություն. հայկական 2 գիտական ամսագրեր ձեռք են բերել որակապես նոր կարգավիճակ` միջազգային ամենահեղինակավոր Thomson Reuters գործակալության կողմից ստանալով Ազդեցության Գործակիցներ, որոնցով բնորոշվում է համապատասխան ոլորտներում համաշխարհային գիտական հանրության մեջ այդ ամսագրերի ունեցած ազդեցությունը:
«Սա մեր նորանկախ պատմության մեջ եզակի կարեւորություն ունեցող եւ նախադեպ չունեցող իրադարձություն է: Հաշվի առնելով որ Ազգային Մրցունակության Հիմնադրամի թիրախային ոլորտներից մեկն էլ կրթությունը եւ կրթությունից անբաժանելի գիտությունն է, եւ հիմնադրամի կարեւոր դերակատարումներից մեկն է այնպիսի կապերի ստեղծման միջնորդությունը, որոնց միջոցով Հայաստանին կփոխանցվեն գիտելիքներ` նկատենք, որ տեղի ունեցածը հանդիսանում է անմիջականորեն այդպիսի կապային հանգույցների ստեղծում, ընդ որում առանց հիմնադրամի օժանդակության եւ խրախուսման»,- նշել է Անահիտ Բախշյանը:
«Կոչ եմ անում Ազգային Մրցունակության Հիմնադրամին հատուկ միջոցառումով անդրադառնալ այս իրադարձությանը եւ մեր մրցունակության հզորացման հարցում նրա կարեւորությանը: Մասնավորապես իրականացնել այդ ամսագրերի կայացմանը նպաստող եւ այդտեղ տպագրվող երիտասարդ հոդվածագրերի խրախուսման ծրագիր: Առաջարկում ենք խրախուսման չափը յուրաքանչյուր երիտասարդ հոդվածագրի համար սահմանել ոչ պակաս, քան երիտասարդ գիտաշխատողի աշխատավարձի քառապատիկը»,- նշել է նա:
Ըստ պատգամավորի, կարելի է հաշվել, թե մոտավորապես ինչպիսի համեստ գումար կպահանջվի նման ծրագիր իրականացնելու համար: «Անհրաժեշտ է սկսել հատուկ ռազմավարության մշակում, որի հիմքում պետք է ընկած լինի խրախուսական նմանօրինակ ծրագիր, եւ որի կիրառման արդյունքում, վստահ եմ, կունենանք բոլոր ոլորտներին վերաբերող, միջազգայնորեն ճանաչված եւ ազդեցիկ գիտական ամսագրեր: Դա կլինի կարեւոր հիմնաքարերից մեկը` իսկապես գիտելիքահեն տնտեսություն կառուցելու գործում:
Խնդրում եմ ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, 10-օրյա ժամկետում տեղեկացնել, թե ինչպես եք վերաբերվում առաջարկներիս: Պատրաստ եմ մասնակցել վերոնշյալ առաջարկների քննարկմանը»,- առաջարկել է պատգամավորը:




























