Հայաստանի փաստաբանների պալատը դատապարտել է ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողությունները, որ նրանք դրսեւորել են փաստաբաններ Վահե Հովսեփյանի եւ Ստեփան Ոսկանյանի հանդեպ օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների ձերբակալության ժամանակ:

Փաստաբանների պալատը որոշում է ընդունել, որում ասված է, որ «ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը, Պալատի խորհրդի նախագահի պաշտոնակատար Արա Զոհրաբյանի, անդամներ` Մելանյա Առուստամյանի, Կարինե Խաչատրյանի, Լուսինե Սահակյանի, Կարեն Մեժլումյանի, Հայաստան Ստեփանյանի եւ Գեւորգ Գյոզալյանի կազմով, քննության առնելով փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու եւ նրանց նկատմամբ ապօրինի գործողությունների փաստի կապակցությամբ Պալատի գործողության մասին հարցը,

Որոշեց.

1. Դատապարտել ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի աշխատակիցների կողմից փաստաբաններ Վահե Հովսեփյանի եւ Ստեփան Ոսկանյանի նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունները, կապված փաստաբանների լիազորությունները խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու եւ ազատությունից զրկելու գործողությունների հետ:

2. Իրավապահ մարմինների կողմից փաստաբանների լիազորությունները խոչընդոտող գործողություններն արձանագրելու եւ փաստաբանների իրավունքները պաշտպանելու նպատակով կազմավորել արագ արձագանքման խումբ:

3. Առաջարկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին` սահմանել արագ արձագանքման խմբի գործողության կարգը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում խումբը համալրել հասարակական կազմակերպության եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներով (նրանց համաձայնությամբ):

4. Դիմել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարին` փաստաբաններ Վահե Հովսեփյանի եւ Ստեփան Ոսկանյանի լիազորությունները խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու եւ ազատությունից զրկելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու եւ մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ»:

Պալատի որոշման համար հիմք է հանդիսացել փաստաբան Վահե Հովսեփյանի հետեւյալ դիմումը: Վերջինս իր դիմումի մեջ նշել էր, թե օգոստոսի 9-ին, Երեւան քաղաքի Կարապի լճի հարակից տարածքից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստներ՝ Սահակ Սուրադյանր, Արեգ Գեւորգյանը, Արտակ Կարապետյանր, Տիգրան Առաքելյանր, Դավիթ Քիրամիջյանր, Վահագն Գեւորգյանը եւ Սարգիս Գեւորգյանր։Բերման ենթարկվելուց առաջ եւ հետո երիտասարդները ոստիկանների կողմից ենթարկվել են բռնությունների ու ծեծի, ինչի հետեւանքով ստացել են մարմնական վնասվածքներ։ Փաստաբանը բերման ենթարկվելուց շուրջ 20 րոպե անց, ժամանելով Կենտրոնի ոստիկանություն, ներկայացրել է փաստաբանի վկայականը եւ, հայտնելով վերր նշված անձանց անուն - ազգանունները, նշել է, որ իրավական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ պայմանավորված պետք է տեսնի նրանց։

Փաստաբանը ավելի քան 40 րոպե չի կարողացել հանդիպել պաշտպանյալներին, ապա ներս մտնելով ականատես է եղել, թե ինչպես են ծեծի ենթարկվում ՀԱԿ-ի ակտիվիստները: Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները նրան խոչընդոտել են կատարել իր մասնագիտական պարտքը, խլել են փաստաբան Ստեփան Ոսկանյանի բջջային հեռախոսը, հրել իրեն: Վահե Հովսեփյանը նշել է, որ իրեն եւ Ստեփան Ոսկանյանին տեւական ժամանակ փակել են մի սենյակում եւ թույլ չեն տվել դուրս գալ, նաեւ հրաժարվել են ներկայացնել ձերբակալման արձանագրություններն ու այլ փաստաթղթեր: