Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանի հայտարարությունը, թե իշխանություն-ընդդիմություն երկխոսության նպատակահարմարությունը կախված է կալանքի տակ գտնվող ՀԱԿ ակտիվիստների հետագա կարգավիճակից, ընդամենն անպատասխանատու հայտարարություն է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց կոալիցիայի՝ ՀԱԿ-ի հետ բանակցող աշխատանքային խմբի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը:
Անդրադառնալով երկխոսության չորրորդ փուլի շրջանակներում ՀԱԿ-ի կողմից ներկայացված, արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների պահանջը հիմնավորող 85 էջանոց փաստաթղթին, հանրապետական պատգամավորը տեղեկացրեց, որ աշխատանքային խումբը պատրաստվում է վաղվա նիստին, որտեղ էլ կներկայացնի օրակարգային այդ հարցի առնչությամբ իր փաստաթուղթը։
Նշենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը օգոտոսի 9-ի հայտնի միջադեպի արդյունքում կալանավորված Հայ ազգային կոնգրեսի երեք երիտասարդ ակտիվիստներին որակել էր որպես քաղբանտարկյալներ են եւ նշել, որ կախված նրանից, թե ինչ կարգավիճակում կլինեն նրանք մինչեւ երկխոսության հաջորդ ռաունդը՝ այսինքն մինչեւ վաղը, ըստ այդմ էլ կորոշվի իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելու նպատակահարմարությունը։
«Այս փաստը շատ մեծ խոչընդոտ է երկխոսության ճանապարհին: Բայց դեռեւս 24 ժամ ժամանակ կա, եւ կախված նրանից, թե մինչև վաղը ինչպիսին կլինի կալնավորվածների կարգավիճակը, մենք համապատասխան որոշում կկայացնենք: Վաղը մինչեւ ժամը տասը ժամանակ ունենք, և Կոնգրեսն իր գործողություններում հստակությունություն կմտցնի առավոտյան»,- նշել էր Մուսինյանը։




























