Օգոստոսի 1-ից Թուրքմենստանում փակում են 90-ականների սկզբից գործող թուրքմենա-թուրքական դպրոցները: Աշխաբադում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը կրող միայն մեկ դպրոց է մնացել: Այդ դպրոցում արգելվել է նոր սաների ընդունելությունը, սակայն աշակերտներին կթույլատրեն ավարտել կրթությունը: Այդ մասին հաղորդում է «Թուրքմենստանի խրոնիկան»:
Աղբյուրը հայտնում է, որ երկրի իշխանությունները դժգոհ են պանթուրքական «Նուրջուլար» շարժման` կրթական հաստատությունների վրա ունեցած ազդեցությունից:
Որակյալ կրթության հետ մեկտեղ, կրթական այդ հաստատությունները քողարկված, բայց ակտիվորեն առաջ են մղում պանթուրքական գաղափարախոսությունը. բոլոր թուրքախոս ժողովուրդների միավորում Թուրքիայի հովանու ներքո:
ԱՊՀ երկրներում այդ գաղափարախոսությունը առաջ է քաշվում «Նուրջուլար» շարժման կողմից, դրա հետեւորդներին անվանում են «նուրիստներ», որը ծագում է շարժման հիմնադիր Սաիդ Նուրիսի անունից:
Ռուսաստանում այդ շարժումը որակվում է որպես ծայրահեղական, իսկ բոլոր թուրքական կրթական հաստատությունները դարասկզբին են փակվել, նշում է աղբյուրը:



























