Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը զեկույց է պատրաստել 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, որն առավելապես նվիրված է լինելու արդար դատաքննության հարցերին՝ մարտի 1-ի դեպքերով հայաստանյան դատարաններում ընթացած գործերին: Այդ մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Վերջինս նաեւ հայտնել է, որ զեկույցն այժմ թարգմանման փուլում է եւ մոտ երկու շաբաթից կներկայացվի հանրության ուշադրությանը:

Ի դեպ, լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու է պաշտպանը ուշացնում զեկույցը եւ արդյոք դա կապված չէ ԵԱՀԿ գրասենյակի համանման զեկույցի հետ, Արմեն Հարությունյանը չհամաձայնեց եւ խոստացավ, որ իր զեկույցը ավելի շուտ կներկայացնի:

Անդրադառնալով միջազգային կառույցների գնահատականներին, թե մի շարք ոլորտներում Հայաստանը ետընթաց է արձանագրել, ՄԻՊ-ն ասաց. «Անբավարար, անմխիթար եղել է, այդպես էլ մնացել է: Մի բնագավառ չկա, որ առաջընթաց լինի: Սրա համար բոլորս ենք մեղավոր»,- նշեց նա:

Ի դեպ, Արմեն Հարությունյանը հայտնեց, որ իրենք ուշադիր հետեւում են Նիկոլ Փաշինյանի դատավարությանը եւ հայ-թուրքական արձանագրությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերին եւ անպայման արձագանքելու են դրանց: