Շտապօգնությունը ամբողջ հանրապետությունում, այդ թվում` Երեւանում, անվճար է, եւ եթե քաղաքացուց աշխատակիցները գումար են պահանջում կամ ոչ հարգալից վերաբերմունք են ցուցաբերում, ապա նա կարող է ահազանգել, դիմել համապատասխան ատյաններ:

Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը NEWS.am-ի հարցին ի պատասխան` ասաց «Շտապ Բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը` նշելով, որ իրենք հետեւողական են լինում եւ եղել են դեպքեր, երբ անփույթ վերաբերմունքի, գումար պահանջելու համար աշխատանքից հեռացվել են:

Շտապօգնության մեքենան կանչը ստանալուց հետո պետք է հասնի դեպքի վայր 7-12 րոպեի ընթացքում, հիվանդին սպասարկի մոտ 20 րոպե, այնուհետեւ նրան ներկայացնի վիճակը եւ հետագա անելիքները:

Հարցին, թե արդիականացումից հետո «Շտապօգնության» մեքենան քանի անգամ է ուշացել, Թագուհի Ստեփանյանը նշեց, որ գրեթե այդպիսի դեպքեր չեն եղել: Իսկ ուշացումները պայմանավորված են մի շարք պատճառներով` խցանումներ, կանչերի մեծ քանակ եւ այլն: Թագուհի Ստեփանյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս դիմել միայն անհրաժեշտ դեպքում, երբ, իրոք, առկա  է շտպաօգնության կարիք:

Թագուհի Ստեփանյանը նշեց, որ «Շտապօգնության» համակարգի  արդիականացումից հետո ամբողջ հանրապետությունում ներդրվել է շտապօգնության 88 նոր մեքենա, որից 35-ը` Երեւանում: Այդ ծրագրի շրջանակներում արդիականցվել է նաեւ շտապօգնության անձնակազմը` բժիշկներ, բուժքույրեր, վարորդներ, դիսպետչերական համակարգը եւս նորացվել է: Ի դեպ, Երեւանում «Շտապօգնության» անձնակազմը 625 հոգուց է բաղկացած: