Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Հայիթիում խմբակային բախումների զոհ է դարձել առնվազն 89 մարդ, գրում է France Press-ը։

Եվս 16 մարդ անհետ կորել է։ Պետության Պորտ-օ-Պրենս մայրաքաղաքում սաստկացել են այս գոտին վերահսկող ավազակախմբերի բախումները։ Տեղի մի քանի հարյուր բնակիչներ փակված են իրենց տներում։

ՄԱԿ-ը տեղեկատվություն է փոխանցում 2021 թվականի հուլիսի 7-ի գիշերը երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո Հայիթիում անվտանգության եւ հումանիտար ոլորտում իրավիճակի վատթարացման մասին։ Նաեւ անցյալ տարի ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել էր 2200 մարդ։

Հունիսին Հայիթիում ավազակները ավտոբուսներում պատանդ էին վերցրել 38 մարդու։ Առեւանգումն ու կողոպուտը տեղի էր ունեցել երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի ծայրամասում։ Գործակալությունը նշում է, որ անցյալ տարվանից Հայիթիի իշխանությունները կորցրել են վերահսկողությունը Պորտ-օ-Պրենսը երկրի հարավի հետ կապող միակ ճանապարհի վրա։ Արդյունքում մոտ երկու կիլոմետր ճանապարհը գտնվում է զինված ավազակախմբերի վերահսկողության տակ։