ԱՄԷ-ն խոստացել է 2 մլրդ դոլար հատկացնել Հնդկաստանում «պարենային պարկերի» (food park) շարք ստեղծելու համար, որպեսզի լուծվի պարենային անվտանգության բացակայության խնդիրը Հարավային Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում, նշել են ԱՄԷ-ի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի ղեկավարները, տեղեկացրել է Reuters-ը։
Երուսաղեմում ելույթ ունենալով ԱՄԷ-ի, Իսրայելի եւ Հնդկաստանի ղեկավարների հետ վիրտուալ գագաթաժողովում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ներդրումները կարող են «հինգ տարվա ընթացքում երեք անգամ ավելացնել սննդամթերքի արտադրությունը Հնդկաստանում»։
Պարկերը կմիավորեն ֆերմերներին, վերամշակողներին եւ մանրածախ առեւտրով զբաղվողներին՝ օգտագործելով առաջավոր կլիմայական տեխնոլոգիաները մնացորդները նվազագույնի հասցնելու, ջրի խնայողության եւ բերքատվության բարձրացման համար։
Չորս երկրները նաեւ նախագծեր կիրականացնեն Հնդկաստանում էներգիայի վերականգնվող աղբյուրների ստեղծման ուղղությամբ։
Նախագծերը կաջակցվեն Իսրայելի եւ ԱՄՆ-ի մասնավոր հատվածի կողմից, ասել է Բայդենը։
Ըստ նրա՝ համավարակի տնտեսական հետեւանքները, կլիմայի փոփոխությունը, պարենային անվտանգության բացակայությունը եւ էներգետիկ շուկաների անկայունությունը «խորացել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան հարձակմամբ»։ «Այս բոլոր հարցերը պահանջում են համագործակցություն եւ համախմբում, եւ մեզանից ոչ մեկը չի կարող ինքնուրույն համապարփակ պատասխան տալ»,- ասել է Բայդենը։
ՄԱԿ-ի գործակալություններն այս ամիս նախազգուշացրել են, որ պատերազմն Ուկրաինայում եւ կլիմայի փոփոխությունը կարող են հանգեցնել աննախադեպ մասշտաբների քաղցի եւ զանգվածային միգրացիայի։
Պարսից ծոցի արաբական երկրները ներմուծում են իրենց պարենի 80-90 տոկոսը, եւ չնայած նավթային հարստությունը նրանց պակաս խոցելի է դարձնում պարենի համաշխարհային գների թանկացման առումով, քան ավելի աղքատ երկրներին, խափանումները սպառնում են նաեւ նրանց մատակարարումների շղթաներին։





























