Բուլղարիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Սոֆիայում՝ քննարկելու ԵՄ անդամակցության բանակցությունների ճանապարհին Հյուսիսային Մակեդոնիայի հաջորդ քայլերը, այն բանից հետո, երբ Սկոպյեի խորհրդարանը կողմ է քվեարկել Ֆրանսիայի առաջարկին, որը կվերացնի Հյուսիսային Մակեդոնիայի դաշինք մտնելու հարցում Բուլղարիայի վետոն, հայտնում է AP լրատվականը:
Բուլղարիան Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությանը մեղադրել է ընդհանուր մշակութային, լեզվական եւ պատմական կապերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։
Բուլղարիայի արտգործնախարար Թեոդորա Գենչովսկան լրագրողներին ասել է, որ երկու պետությունները պայմանավորվել են չափազանց հավակնոտ կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցների շուրջ, որոնք գործնականում նպատակ ունեն լուծել բազմաթիվ հարցեր: Նա նշել է, որ Բուլղարիան այն երկիրն է, որն ամենաշատն է աջակցում Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության եւ Ալբանիայի եվրաինտեգրմանը, ու հաջողություն մաղթել վերոնշյալ պետություններին:
Նրա գործընկեր Բույար Օսմանին ասել է, որ իր երկիրը հույսը դնում է Բուլղարիայի աջակցության վրա ու հույս հայտնել, որ երկկողմ հարաբերությունները նոր փուլ են թեւակոխում։
«Մեզ համար պատմական հնարավորություն է, որ որպես թեկնածու պետություն 17 տարի անց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը հնարավորություն ունի բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ»,- ասել է Օսմանին։
Հյուսիսային Մակեդոնիան ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները կսկսի հուլիսի 19-ին։
Բուլղարիայի Ազգային ժողովն արդեն հավանություն է տվել Ֆրանսիայի առաջարկին, սակայն օրենսդիրները լրացուցիչ պայմաններ են առաջադրել Հյուսիսային Մակեդոնիայի՝ ԵՄ անդամակցությանը համաձայնելու համար։ Դրանք ներառում էին Հյուսիսային Մակեդոնիայում ապրող բուլղարացիների պաշտպանությունը՝ նրանց սահմանադրության մեջ հավասար հիմունքներով ներառելով:
Հյուսիսային Մակեդոնիայում բուլղարական համայնքի թիվը վիճելի է։ Ըստ 2021 թվականի մարդահամարի պաշտոնական տվյալների համայնքը 3504 մարդուց է կազմված, որը բնակչության մոտ 0,2 տոկոսն էը։ Բուլղարիան կասկածի տակ է դրել այս թիվը՝ նշելով, որ Հյուսիսային Մակեդոնիայի մոտ 2 միլիոն բնակիչներից մոտ 90 հազարը վերջին երկու տասնամյակների ընթացքում ձեռք են բերել երկքաղաքացիություն՝ հիմնվելով ընտանեկան արմատների վրա: Եվ մոտ 53 հազար դիմում դեռեւս առկախված է։





























