Շատ ցավալի կորուստ է, քանի որ մենք ոչ միայն կորցրեցինք տաղանդավոր մարդու, այլ նաեւ մեծ քաղաքացու: Այս մասին այսօր` հուլիսի 17-ին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Նա ինքն իրեն չէր համարում քաղաքական գործիչ, այդ իսկ պատճառով իր խոսքը քաղաքական կոնֆորմիզմից, քաղաքական հաշվարկներից դուրս է: Ես կարծում եմ, որ այն խոսքը, որը հնչում է նրա շրթունքներից այնքան շիտակ էր եւ այնքան համարձակ  եւ շատ դեպքերում Արմեն Գրիգորյանի խոսքը այն տոնայնությունն ուներ, որոնք շատ շատերի ուղեղում կային, այդ թվում քաղաքական գործիչների,  բայց այս կամ այն հաշվարկներից ելնելով չէր հնչում: Արմեն Գրիգորյանը իր անցած կյանքով, դպրոցով այնքան ազատ էր, որ չէր հանդուժում որոշակի քաղաքական կամ դիվանագիտական նյուանսներ, ինքը ասում էր այն, ինչ մտածում էր եւ շատ դեպքերում, ընդդիմադիր զանգվածների համար այդ խոսքը բավականին հոգեհարազատ էր, ազդեցիկ էր եւ օգնում էր, կարծում եմ դա էր ամենամեծ ազդեցությունը, որի պատճառով ինքը հայտնվեց բանտում»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգի խոսքով` Արմեն Գրիգորյանի մեղադրանքը փուչիկ էր եւ ընդամենը պատրվակ էր մարդուն փակելու համար:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում: Նշենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ: