Հայ արտահանողներն այսօրվա դրությամբ միայնակ են՝ ինչպես երբեք։ Այս մասին Երեւանում, հուլիսի 20-ին «Դրամի հիպերդեֆլյացիայի հիմնախնդիրները եւ կանխիկ շրջանառության սահմանափակումները» թեմայով քննարկումների ժամանակ հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

Նրանք, նշել է պատգամավորը, կազմակերպում են որոշակի ցուցահանդեսներ արտասահմանում՝ փորձելով ներկայացնել իրենց արտադրանքը։ Բայց դա ոչ մի կերպ չի լուծում հայ արտահանողների խնդիրները։ «Կոնկրետ շուկաներում գրանցվում է մրցակցային դիրքերի նվազում։ Արտահանողների խնդիրները կապված են նաեւ «Վերն Լարս» անցակետի շուրջ տիրող իրավիճակի հետ։ Ասում էին, թե լաստանավի հարցը կլուծվի, որ այլընտրանք կլինի, եւ որ հայ արտահանողների խնդիրները մասամբբ կլուծվեն։ Բայց հարցերն, ամենայն հավանականությամբ, այդպես էլ չեն լուծվել։ Եթե չեմ սխալվում, լաստանավի հարցը մինչ օրս լուծված չէ։ Բացի արտահանողներից, լուրջ խնդիրներ ունեն նաեւ բեռնափոխադրողները»,- նշել է Ստամբուլյանը։