«Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան Թուրքիայում սկսել է «Աքքույու» ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկի շինարարությունը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են  «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը եւ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։

«Սա կարգավիճակի փոփոխությն նշան է: Չորրորդ բլոկը կհայտնվի ՄԱԳԱՏԷ-ի ցուցակում՝ որպես պաշտոնապես կառուցվող միջուկային էներգաբլոկ», - ասել է Լիխաչովը՝ ելույթ ունենալով շինարարության մեկնարկի արարողության ժամանակ։

«Աքքույուն» Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է, որի առաջին էներգաբլոկի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 3-ին, երկրորդ բլոկինը՝ 2020 թվականի հունիսի վերջին, իսկ երրորդի շինարարությունը սկսվել է 2021 թվականի մարտի 10-ին ։ ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը կգործարկվի 2023 թվականին։

Ծրագիրն իրականացվում է 2010 թվականի մայիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի միջեւ կնքված, Թուրքիայի Հանրապետության Աքքույու տեղամասում ատոմակայանի կառուցման եւ շահագործման գործում համագործակցության վերաբերյալ, միջկառավարական համաձայնագրի հիման վրա: