Մինչեւ 2023 թ. մարտի վերջ ՀՀ կառավարությունը կորոշի՝ ինչպես խոշոր հողատարածքներ հատկացնել ագրոբիզնեսից ներդրողներին։ Այս մասին հուլիսի 22-ին USAID-ի «Հայաստանում գործարար միջավայրի բարելավումը» ծրագրի կողմից մշակված ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկել հողային բարեփոխումները, որոնց նպատակը լքված հողերի վերադարձն է։ Այդպես, Հայաստանում վարելահողերի մոտ 50 տոկոսը պարզապես չի օգտագործվում։
«Մասնավորապես, քննարկվում են այդ հողատարածքը ներդրողներին փոխանցելու ուղիները՝ չխախտելով այդ հողամասերի սեփականատերերի իրավունքները։ Որպես տարբերակներից մեկը՝ դիտարկվում է վարձակալության հանձնելու հնարավորությունը։ Բայց, իհարկե, ներդրողներին կհետաքրքրեն միայն 5, 10 կամ ավելի հեկտարանոց խոշոր հողակտորները։ Ուստի կառավարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը ցուցակագրում է միմյանց մոտ գտնվող չօգտագործվող գյուղատնտեսական հողատարածքները։ Նման աշխատանք մենք արդեն իրականացրել ենք երեք գյուղական համայնքներում։ Այժմ աշխատանքներ են տարվում իրավական դաշտի ուղղությամբ»,- պարզաբանել է Քերոբյանը:
Ստացվում է, որ սկզբում աշխատանքային խումբ է ստեղծվել, ցուցակագրվել են հողամասերը, եւ միայն դրանից հետո կառավարությունը մտածել է՝ ինչպես օրինականացնել իրենց գործողությունները.





























